6 հունիսի 2016 - 15:08 AMT
Գյուղմթերքի տոնավաճառը Կասյան փողոցում կվերաբացվի հունիսի 11-ից

Հունիսի 11-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այդ մասին մամուլի ասուլիսին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Նա նշել է, որ գյուղատնտեսական տոնավաճառները անց են կացվում 2011-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որոնց մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը:

«Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրվելու են վրաններ, վաճառասեղաններ, սայլակներ և կշեռքներ», - նշել է փոխնախարարը:

Անդրադառնալով տոնավաճառին մասնակցելու ընթացակարգերին` փոխնախարարը նշել է, որ գյուղատնտեսական մթերք արտադրողների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Տոնավաճառների այցելուների թիվը օրական միջինում կազմել է մոտ 5-6 հազար, մանրածախ գները ընդհանուր շուկայական գներից շուրջ 10-20 տոկոս առավել մատչելի են:

Փոխնախարարը շեշտել է, որ վաճառքն իրականացվում է նախարարության կողմից տրամադրվող կշեռքներով, որոնք ստուգաչափված են և թերակշռումները բացառվում են:

Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:

Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:

2015-ին յուրաքանչյուր տոնավաճառի ժամանակ վաճառվել է 40-50 տոննա գյուղմթերք. Կասյան փողոցում նախորդ տարի կազմակերպվել է 63 տոնավաճառ, Մալիբու սրճարանի հարևանությամբ՝ 51 տոնավաճառ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են 15 հազար գյուղացիական տնտեսություններ: