6 հունիսի 2016 - 15:07 AMT
ԱԺ փոխխոսնակ. Անկարայի և Բաքվի դաշինքը պետք է անհանգստացնի նաև տարածաշրջանի այլ երկրներին

Ադրբեջանական կողմի բարբարոսություններն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ աջակցություն ստացան Թուրքիայի իշխանության կողմից` Էրդողանից մինչև Չավուշօղլու, որը դատապարտելի է: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունական «Էպիկերա» ամսագրին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է և որ պանթուրքիզմի գաղափարախոսությունն առանցքային է Թուրքիայի քաղաքականության մեջ: «Դա պետք է գիտակցեն թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն: Արդեն 23 տարի է, ինչ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը՝ փակ պահելով եվրոպական սահմանները: Այն առաջին իսկ պահից աջակցել է Ադրբեջանին թե՛ 90-ականների պատերազմի ընթացքում, թե՛ քառօրյա պատերազմում: Թուրքիան շարունակում է օկուպացված պահել Կիպրոսի 38 տոկոսը, անցած տարի խոցեց ռուսական ինքնաթիռը, որը պայքար էր մղում ահաբեկիչների դեմ: Թուրքական ռազմական ինքնաթիռները բազմիցս խախտում են Հունաստանի օդային տարածքը: Թուրքիան ունի կայսերական նկրտումներ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Կովկասի տարածաշրջանում, թե՛ Բալկաններում: Նեոօսմանական հավակնություններ ունի: Դա խոստովանել է Դավութօղլուն: Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, ասում էր, որ իրենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Էլիչիբեյը ասում էր, որ չկա ադրբեջաներեն, կա թուրքերեն: Այսպիսով՝ կարելի էր ակնկալել Թուրքիայի այս դաշինքն Ադրբեջանի հետ: Սա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի այլ երկրներին»,-ասել է ԱԺ փոխնախագահը

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը տարածաշրջանում և ՌԴ հետ նրա բախման հետևանքներին` Շարմազանովն ասել է, որ պատմության ընթացքում տեղի են ունեցել թուրք-ռուսական հակամարտություններ, եղել են նաև հաշտեցումներ: Նա շեշտել է, որ իր անձնական կարծիքով՝ այս երկու երկրները ոչ միայն մրցակիցներ են, այլև հակառակորդներ, առնվազն այս պահի դրությամբ:

«Թուրքիան առաջ է տանում նեոօսմանական քաղաքականությունը և իր այդ հավակնոտ քաղաքականության շրջանակում բախվում է Ռուսաստանի շահերին: Կովկասի և Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, կարծում եմ, մշտապես բախվելու են: Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Բնականաբար ես կարևոր եմ համարում Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում. դա բալանսավորում է Թուրքիայի զավթողական նկրտումները»,-ասել է Շարմազանովը: Նա հավելել է նաև, որ Կիպրոսի հարցում միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Թուրքիայի հավակնությունները:

Խոսել հայ-հունական հարաբերությունների մասին ԱԺ փոխոսնակը հիշեցրել է, որ երկու ժողովրդները դարերի խորքից եկող եղբայրական, բարեկամական հարաբերություններ ունեն, և հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են բոլոր ուղղություններով զարգացնելու Հունաստանի հետ համագործակցությունը:

Ավելի վաղ Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Կամենոսը ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նա անընդունելի է համարել հիմնախնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: