7 հունիսի 2016 - 11:06 AMT
Սահմանամերձ գյուղերի երեխաները` Մոսկվայում. Կարմիր հրապարակ, Ցարիցինո, բալետ Մեծ թատրոնում

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Հերմես» ակումբի անդամները Հայաստանի անապահով ընտանիքների 10 երեխայի համար էքսկուրսիա են կազմակերպել դեպի Մոսկվա, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Երեխաներից 7-ը սահմանամերձ շրջաններից են (4-ը` Տավուշի մարզից), 3-ը` ազատամարտիկների երեխաներ: Ինչպես նշել է ԿԳՆ ներկայացուցիչ, հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Բալասանյանը, սահմանամերձ Տավուշի և Վայոց Ձորի շրջանների անապահով երեխաների ցուցակը ներկայացրել է Հայ օգնության հիմնադրամը։ «Երեխաները տարբեր միջոցառումների են մասնակցել, շփվել են Վալենտինա Մատվիենկոյի (Դաշնային խորհրդի ղեկավար), ակադեմիկոս Ալբերտ Լիխանովի հետ։ Եղել են թանգարաններում, շրջել քաղաքում։ Մոսկվային սիրահարված` վերադարձել են»,-ասաց Բալասանյանը։

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ միջոցառմանը ԱՊՀ տարբեր երկրների երեխաներ են մասնակցել։

Երեխաներն էլ իրենց հերթին պատմել են, որ մայիսի 29-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հասցրել են այցելել Տիեզերագնացության և Հայրենական պատերազմի թանգարան, եղել են կենդանաբանական այգում, զբոսնել Կարմիր հրապարակում, եղել են Ցարիցինոյում, ինչպես նաև համերգային ծրագիր են դիտել Մեծ թատրոնում։

«Հերմես» ակումբի կազմում ընդգրկված է Հայաստանում գործող շուրջ 35 ռուսական ընկերություն։ Ակումբը գործում է Ռուսաստանի դեսպանատանը կից, և այն ղեկավարում է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։