ԱՊՀ կառավարությունների ղեկավարները Բիշքեկում մի շարք փաստաթղթեր են ստորագրել էկոնոմիկայի, զինված ուժերի և հումանիտար համագործակցության ոլորտներում: Ընդհանուր առմամբ հաստատվել է 21 փաստաթուղթ:
Մասնավորապես, պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են 2011-ի հոկտեմբերի 18-ի առևտրի ազատ գոտու մասին պայմանագրի պետգնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի վերաբերյալ արձանագրությունը: Ստորագրվել է նաև ագրոկենսաբազմազանության պահպանման մասին կոնվենցիան:
Որոշում է կայացվել ԶՈւ ռազմական չափագրման և չափագրական ապահովման խնդիրների հետազոտման ոլորտում հիմնարար կազմակերպության մասին: Մեկ այլ որոշում վերաբերում էր ԱՊՀ անդամ երկրների բազային կազմակերպությանը ԶՈՒ համար ականազերծման ոլորտում պատրաստության ուղղությամբ:
Նաև համաձայնագրեր են ստորագրվել էլեկտրաէներգետիկայի ոլորտում վթարի դեպքում տեղեկատվության փոխանակման և ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցում տեղեկատվական համագործակցության մասին:
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հունիսի 7-ին մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Նիստի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նեղ և ընդլայնված ձևաչափերով, որոնց ժամանակ քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավել հարցեր: