7 հունիսի 2016 - 15:00 AMT
Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդը Էրդողանին իր ափսոսանքն է հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ

Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հայտնում է «Ակոսը», Աթեշյանը հայտարարել է, թե որոշումը հայ ազգը «խորը ափսոսանքով» է դիմավորել:

«Որպես Թուրքիայի հայ համայնք, մենք մեր խորը ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին որոշման վերաբերյալ», - ասվում է նամակում:

Աթեշյանը հայտարարել է, թե պատրիարքարանը կատարում է պարտավորությունները թուրքական պետության առջև ու երկրի հայ քրիստոնյա քաղաքացիների կարծիքն է արտահայտում:

Նա նաև նշել է, թե իրադարձությունների ժամանակ Գերմանիայի դերին ընդամենը «մի քանի նախադասությամբ» անդրադառնալն ու Օսմանյան Թուրքիան որպես կատարվածի միակ մեղավորը ներկայացնելը «վիճելի հարց է՝ էթիկայի տեսակետից»: Աթեշյանի կարծիքով, պարզ չէ, որքանով է Բունդեսթագի որոշումն արտահայտում Գերմանիայի ժողովրդի կարծիքը:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Կարդացեք նաև. Մայր Աթոռը` Էրդողանին Աթեշյանի նամակի մասին. Ցավում ենք, բայց չենք բացառում հարկադրանքը