Վերջին տարիներին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, քաղաքական շփումները բավականաչափ ակտիվացել են, ավելի պարբերական են դարձել բարձրաստիճան փոխայցելությունները, հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն այցելության ժամանակ:
Նա նշել է, որ բանակցությունները Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ: Նախագահը հույս է հայտնել, որ «ողջամիտ ժամկետներում փաստաթուղթը ստորագրված կլինի, ինչն է՛լ ավելի կխթանի մեր համագործակցությունը»:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ Եվրոպայի օրվա տոնակատարությունը ԵՄ պատվիրակությունը համարում է ընդհանուր տոն, որը ցանկանում է նշել Հայաստանի և ընդարձակ Եվրոպական ընտանիքի հետ:
«Մենք անչափ երախտապարտ ենք Հայաստանի իշխանություններին՝ Հայաստանի ամբողջ տարածքում Եվրոպայի օրվա տոնակատարությունների անցկացման գործում մեզ օժանդակելու համար: Գյումրիից մինչև Կապան, մինչև իրանական սահման մենք անվանում ենք եվրոպական դարպասներ և մեր լավագույն ջանքն ենք ներդնում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները շատ լավ, դինամիկ զարգացող, բայց գտնում ենք, որ է՛լ ավելի հարստացնելու ու զարգացնելու ներուժ ունենք», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Սարգսյանն ու Սվիտալսկին քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին, ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին վերաբերող հարցեր, անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել այդ բարեփոխումներին Եվրամիության շարունակական աջակցության համար:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, գործակցության խորացման ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերն ավելի կհարստացնեն երկկողմ օրակարգը և նոր մակարդակի կբարձրացնեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
2013-ի սեպտեմբերի 3-ից հետո որոշակի անորոշություն մտավ Հայաստան-ԵՄ հարաբերություններում, երբ ԵՄ Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ ՀՀ նախագահի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Որոշ ժամանակ անց Հայաստան-ԵՄ համագործակցության ձևաչափը վերամեկնարկեց, իսկ 2015-ի դեկտեմբերի 7-ից սկսվեցին Հայաստան-ԵՄ բանակցությունները` նոր իրավական բազայի շուրջ: