7 հունիսի 2016 - 21:26 AMT
ԼՂՀ նախագահ. Խանումյանի հետ տեղի ունեցածը հարված է ԼՂ պետականությանը

Լեռնային նախագահի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անընդունելի միջադեպ է որակել հունիսի 6-ին Ստեփանակերտում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելը:

«Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում մարդու և քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս», - ասվում է Սահակյանի հայտարարությունում:

«Միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը և մեր կողմից որդեգրված արժեքներին: Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, և վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար», - ընդգծվում է ԼՂՀ նախագահի հայտարարությունում:

«Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից և մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները: Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն հանրությանը», - ասվում է Սահակյանի հայտարարությունում:

Հունիսի 6-ին ծեծի ենթարկված Հայկ Խանումյանը գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում, դեպտի առնչությամբ քրեական գործ է հարուցված: Պատգամավորը բռնության ենթարկվելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, մասնավորապես, հետևյալը. «Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»: