7 հունիսի 2016 - 22:20 AMT
«Ակոս»-ն՝ Աթեշյանին. Մոռացա՞ք, որ Էրդողանը հայերին կրկին աքսորով է սպառնում

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը խմբագրական սյունակով պատասխանել է Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Բունդեսթագի հայտարարության վերաբերյալ ափսոսանքներով նամակին:

Խմբագրությունը նշում է, որ զայրույթով և ամոթով է ընթերցել Աթեշյանի նամակը: Միաժամանակ հեղինակներն ընդգծում են, որ քանի որ Աթեշյանը ստորագրում է նամակը «հայ համայնքի անունից», խմբագրությունը ներկայացնում է սյունակը որպես Աթեշյանի հետ անհամաձայն համայնքի ներկայացուցիչների պատասխան: Սյունակի հեղինակները, մասնավորապես, հիշեցնում են Աթեշյանին, որ հայերի հանդեպ բռնաճնշումները Թուրքիայում չավարտվեցին ցեղասպանությամբ ու շարունակվել են 1942-ին սեփականության վրա դրված հարկերի, 1955 թվականին Ստամբուլում հունական ջարդերի ժամանակ բռնության, Կիպրոս ներխուժման ժամանակ բռնության և այլ դրվագների, ինչպես նաև՝ Հրանտ Դինքի սպանության ժամանակ:

Սյունակում նշվում է, որ ընդամենը օրեր առաջ Էրդողանը կրկին սպառնում էր երկրից աքսորել հայերին: «Թույլ տվեք հիշեցնենք նախագահի հայտարարությունները, եթե մոռացել եք. «Այստեղ մոտ 100 հազար հայ կա, որոնց կեսը իմ երկրի քաղաքացի է: Մյուս կեսն, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացի է, ու մենք կարող ենք նրանց հետ ուղարկել, ինչպես Եվրոպան է արել», - ընդգծում են հեղինակները:

«Կրկնօրինակելով Ձեր նամակի ոճը, կրկին մեր ափսոսանքը, վրդովմունքն ու զայրույթն ենք արտահայտում, և աղոթում ենք՝ թող ձեզ գիտակցություն ու խոհեմություն պարգևի», - եզրափակում են սյունակի հեղինակները:

Կարդացեք նաև. Վահրամ քահանա Մելիքյանը` Էրդողանին Աթեշյանի նամակի մասին. Ցավում ենք, բայց չենք բացառում հարկադրանքը