8 հունիսի 2016 - 10:06 AMT
Շախմատիստ Մկրտչյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը 4-րդ է Եվրոպայի անհատական առաջնությունում:

Վերջին տուրում Մկրտչյանը մրցում էր առաջատար Աննա Ուշենինայի հետ: Պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով:

Մկրտչյանը՝ հավաքելով 8 միավոր, զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հաղթող է դարձել Ուկրաինան ներկայացնող Ուշենինան, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Մկրտչյանը բրոնզի համար պայքարում զիջել է միայն անձնական վարկանիշի ցուցանիշով. երրորդ տեղը զբաղեցրած բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան նույնսպես 8 միավոր էր հավաքել:

Մարիա Կուրսովան զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը, Լիլիթ Գալոյանը՝ 70-րդ, իսկ Մարիա Գևորգյանը՝ 93-րդ տեղում էին:

Առաջնությանը մասնակցում էր 112 շախմատիստ: Անցկացվում էր Ռումինիայի Մայամա քաղաքում:

Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստ է, կանանց գրոսմայստեր (1998) և միջազգային վարպետ (2003), Հայաստանի կանանց հավաքականի անդամ։

2016-ի մայիսին Մկրտչյանը դարձել է Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր: Մարտին նա Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող բասկյան շախմատում գրավել է 5-րդ տեղը:

2003-ին Հայաստանի ազգային հավաքականի կազմում հաղթել է Բուլղարիայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում։ 2002-ին Վառնայում և 2009-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունների արծաթե մեդալակիր է:

Հայաստանի քառակի չեմպիոն է: