15 մարտի 2007 - 16:26 AMT
2007 թվականի ընտրությունները կկանխորոշեն երկրի հետագա զարգացումը առաջիկա 20 տարիներին
Նորմալ եւ ազնիվ խորհրդարանական ընտրություններ հարկավոր են առաջին հերթին Հայաստանին, իսկ հետո արդեն ԵԽ-ին եւ ԱՄՆ-ին: Հենց ընտրությունները կկանխորոշեն երկրի հետագա զարգացումը առաջիկա 20 տարիներին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ կարող են դադարեցնել ծրագիրը անարդար ընտրությունների դեպքում: «Մեզ համար շատ ավելի թանկ է երկրի ժողովրդավարական զարգացումը, որը հնարավոր չէ չափել միլիոնավոր դոլարներով: Ես պետք է նշեմ, որ առաջիկա ընտրությունները չպետք է որոշեն, թե ինչպիսին կլինի քաղաքական ուժերի բաշխումը խորհրդարանում, ինչպես պետք է կազմավորվի կոալիցիոն կառավարությունը: Այս ընտրությունները պետք չէ նաեւ դիտարկել որպես ստուգատես 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ»,-ընդգծել է Թորոսյանը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ չի կարող ասել, թե ընտրությունները բացառապես առանց խախտումների կանցնեն: «Այդպես չի լինում: Սակայն խախտումները չպետք է ազդեն վերջնական արդյունքի վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մի քանի տասնյակ հազարավոր մարդ ունի եւ բոլորին վերահսկել ուղղակի անհնար է: Այնուամենայնիվ մենք միասն պետք է ընտրությունները դարձնենք արդար եւ թափանցիկ»,-ասել է ԱԺ խոսնակը, որը երրորդն է ՀՀԿ ցուցակում: