8 հունիսի 2016 - 13:14 AMT
ԵԱՀԿ դիտարկում Մարտունու ուղղությամբ. Խախտումներ չեն արձանագրվել

Հունիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արևելյան ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 30-ին հայտարարել է, որ ԵԱՀԿ գործող նախագահության ընդլայնումը թույլ կտա ավելացնել դիտարկումների քանակը: «Այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահությունը հանձնարարել է ինձ պատրաստել անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգը: Ընդլայնումը չի ազդի իմ մանդատի վրա, բայց կավելանա դաշտային օգնականների քանակը: Դրա շնորհիվ գրասենյակը կկարողանա ավելացնել մշտադիտարկումների քանակը և կանոնավոր կապեր հաստատել իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ: Դա թույլ կտա ԵԱՀԿ նախագահությանն ու համանախագհներին ավելի բազմակողմանի տեղեկատվություն ստանալ իրավիճակի մասին: Միաժամանակ դա թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել աջակցություն մասին հարցումներին` կապված իմ մանդատի շրջանակում իրավիճակի սրման ռիսկերի նվազեցման հետ»,- ասել է Կասպշիկը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: