8 հունիսի 2016 - 17:01 AMT
Նահապետյան. ՌԴ հետ սպառազինության վերաբերյալ համաձայնագրով աշխատանքն ընթացքի մեջ է

Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված սպառազինության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա իրականացվել են որոշ գործողություններ, աշխատանքն ընթացքի մեջ է: Այսպիսի հայտարարություն է արել ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, հայտնում է Panorama.am-ը:

«Դուք ի՞նչ տեղեկություն ունեք Ռուսաստանի հետ կնքված 200 մլն դոլարի ապրանքային վարկի կիրառման ընթացքի վերաբերյալ, որովհետև ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղյակ էինք, որ այդ վարկը չի կատարվել և մատակարարումները դեռևս նույնիսկ չեն սկսվել, ինչը պետք է մեզ մտահոգության տեղիք տար», - հարցրել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է մայիսի 23-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ դռնփակ նիստում այդ հարցի վերաբերյալ քննարկումը, որտեղ նախարարը պարզաբանումներ այդ հարցի վերաբերյալ տվել է:

Կորյուն Նահապետյանը հավելել է, որ մայիսի 23-ից հետո ինչ-ինչ աշխատանքներ կատարվել են, ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա իրականացվել են գործողություններ, աշխատանքը ընթացքի մեջ է: «Հավելյալ մանրամասներ չեմ կարող հրապարակել»,-ասել է նա:

«Իհարկե, տիրապետում եմ ավելի տեղեկատվության, քան կարող եմ հրապարակել, բայց ուղղակի ելնելով բանակցային գործընթացի մանրամանսերից և կողմերի միջև վստահության մթնոլորտը չխաթարելու տրամաբանությունից, չէի ուզենա լրացուցիչ մանրամասներ հայտնել այդ համաձայնագրի մասին: Ուղղակի կասեմ, որ պաշտպանության նախարարությունը բավականին նպատակասլաց աշխատանք է իրականացնում այդ համաձայնագրով նախատեսված միջոցների ձեռք բերման համար», -ասել է Կորյուն Նահապետյանը:

Դեռ 2015-ի հունիսի 26-ին Երևանում «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիր էր ստորագրվել, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից $200 մլն զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարվա ընթացքում: Համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին:

Վարկային համաձայնագիրը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ռուսական աղբյուրները, նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Իգլա» զենիթային հրթիռային համակարգեր և դրա հրթիռներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ՏՕՍ-1Ա» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «ՌՊԳ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիչներ, «ՍՎԴ» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Տիգր» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:

Ընթերցեք նաև. Օհանյան. Աշխատում ենք ռուսական զենքի ձեռքբերումն արագացնելու ուղղությամբ