16 մարտի 2007 - 15:15 AMT
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները մեղադրում են Թուրքիայի ոստիկանությանը
«Ակոս» թերթի 2007 թվականի հունվարի 19-ին սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները երեկ պահանջել են իրավական հետաքննություն անցկացնել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, իրենց կարծիքով, ներգրավված են եղել հանցագործության մեջ: Այդ մասին Ստամբուլում լրագրողներին ասել է փաստաբան Բահրի Բայրամ Բելենը: Մեկ այլ փաստաբան Ֆեթիե Չեթինը ցույց է տվել այն գրության պատճենը, որով Տրապիզոնի ոստիկանները տեղեկացրել էին Ստամբուլի իրենց գործընկերներին պատրաստվող սպանության մասին: Փաստաբանի վկայությամբ նույն բովանդակության 17 գրություն է ուղարկվել Ստամբուլի ոստիկանություն: «Սա ապացուցում է, որ դա թերացում կամ մոռացկոտություն չէր, այլ իշխանությունների գիտակցված մասնակցություն հանցագործությանը», - ընդգծել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: