Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի հետևանքի վերացման և մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. ընդհանուր առմամբ 51 մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին:
Վարչապետ Հովիկ Աբրաահամյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետին են ներկայացվել մայիսի 23-ին մարզում տեղի ունեցած կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներին պատճառված վնասները:
Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է վերոնշյալ համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայան: Գումար կհատկացվի մարզի Փարաքար և Դողս համայնքների դպրոցների տանիքների վերանորոգման, ինչպես նար մարզի Տանձուտ համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար:
Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մանկապարտեզի վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի, բյուջեի միջոցներով: Նախարարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նման ծրագիր, Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, կիրականացվի նաև հարևան գյուղում:
Ըստ նրա՝ այն կապահովի շուրջ 185 երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը: Գումար կհատկացվի նաև Արտաշար համայնքին МТЗ-82 մակնիշի գյուղատնտեսական տրակտորի ձեռք բերման համար. համայնքը չուներ ժամանակակից գյուղտեխնիկա:
Մյուս հիմնախնդիրը վերաբերում է Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքի (վերակառուցվել է բնակելի շենքի) բնակելի տարածքների նվիրատվության աշխատանքներին. առ այսօր թվով 36 ընտանիք չեն դիմել իրենց զբաղեցրած բնակարանների համար համապատասխան պայմանագրեր կնքելու և պետական գրանցում իրականացնելու համար, քանի որ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում և չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ՝ պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման պետական տուրքի վճարումներն իրականացնելու: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզպետարանը ևս չունի համապատասխան ֆինանսական միջոցներ գործընթացն ավարտելու համար՝ գումար կհատկացվի նաև այդ նպատակով:
Մայիսի 23-ին՝ Ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Փոթորկի հետևանքով, մայիսի 25-ին` ժամը 06.00-ի դրությամբ Հանրապետությունում ընդհանուր թվով գրանցվել է 525 դեպք: Դրանցից 447-ը պատահել է Երևանում (սպասարկվել է 126 դեպք), իսկ 78-ը՝ մարզերում (սպասարկվել է 74 դեպք):