16 մարտի 2007 - 16:13 AMT
Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը քաղաքական որոշում է հանդիսանում
Թուրքիայի Ախթամար Կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացումը կծառայի երկու երկրների կառուցողական երկխոսությանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Հասմիկ Պողոսյանը: «Եկեղեցու վերականգնումը քաղաքական որոշում է, սակայն այն փաստը, որ վերակառուցումից հետո Սուրբ Խաչ եկեղեցին բաց կլինի այցելության համար, Հայաստանի համար բացասական չէ: Հայկական պատվիրակության վերջնական կազմը դեռ հաստատված չէ, այդ հարցը կորոշվի հաջորդ շաբաթ»,- ասել է Պողոսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:

Սուրբ Խաչ կեղեցու վերականգման համար Թուրքիայի կառավարությունը հատկացրել է $1,5 մլն: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից Վան քաղաքի վարչակազմի հետ համատեղ: Եկեղեցին հանդիսանում է հայ միջնադարյան ճարտարապետության եզակի օրինակ: Եկեղեցին կառուցվել է 915-921 թթ. ճարտարապետ Մանուելի կողմից` Գագիկ Արծրունի թագավորի օրոք: