10 հունիսի 2016 - 12:10 AMT
Ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը չեղարկելու հայցը՝ Սահմանադրական դատարանում

2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո առաջին հայցն է ներկայացվել այդ երկրի Սահմանադրական դատարան, որով պահանջվում է չեղյալ համարել կայացրած որոշումը։

Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը չեղարկելու դիմումը ներկայացրել է թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթը։ Իր այդ քայլը թուրք իրավաբանը բացատրել է այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ ցեղասպանությունների թեմայով որևէ որոշում կայացնելու իրավասություն կարող են ունենալ միայն դատարանները, գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայությանը հղումով գրում է Aravot.am-ը։

Այս ամենին զուգահեռ դեռևս պարզ չէ, կընդունվի՞ արդյոք Աքքուրթի հայցը Գերմանիայի Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Բանն այն է, որ ցեղասպանության ճանաչման մասին որոշումը կայացրել է Գերմանիայի խորհրդարանը, այն չունի որևէ անձին կամ օբյեկտին դատապարտելու մասին պահանջ։ Բացի այդ, Գերմանիան չունի նախադեպ, երբ Բունդեսթագի ընդունած որոշումը ներկայացվել է Սահմանադրական դատարան։

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը:

Կարդացեք նաև՝ Օզդեմիր. Ընդունում ենք կայզերական Գերմանիայի՝ ցեղասպանություն հանցանքը չկանխելու մեղքը

Թուրքիան Գերմանիայի դեմ «միջոցներ» է մշակում