10 հունիսի 2016 - 13:14 AMT
Ալիևը չեղարկել է Բունդեսթագում իր հանդիպումները. Ցեղասպանության ճանաչման դեմ է բողոքում

Գերմանիա այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղյալ է հայտարարել Բունդեսթագում նախօրոք պլանավորված հանդիպումները` ի նշան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի։

Ալիևը, շեղվելով արարողակարգից, հրաժարվել է նաև Բունդեսթագում հանդիպել գերմանա-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ, ադրբեջանական APA-ին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Բունդեսթագի որոշումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ համատեղ մամուլի ասուլիսում դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

«Դա անարդար է, երկակի ստանդարտներ, պատմության խեղաթյուրում: Մենք չենք կարող հանդուրժել դա և չենք հանդուրժի: Բունդեսթագի որոշումը քաղաքական պատվեր է»,- ասել է Ալիևը: