10 հունիսի 2016 - 14:09 AMT
ԿԽՄԿ. ՀՀ սահմանը հատած կինը վերադարձել է Ադրբեջան

Հունիսի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջանին է հանձնվել քաղաքացիական անձը՝ կինը, որը հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում:

Փոխանցումը տեղի է ունեցել հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

Գործելով որպես չեզոք միջնորդ՝ ԿԽՄԿ-ն աջակցել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին հայրենադարձումն իրականացնելու հարցում, տեղեկացնում է ԿԽՄԿ գրասենյակը։

Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են անձին՝ նրա հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները գնահատելու նպատակով։

Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի հյուսիս-արևելյան սահմանում, Մեհրաբի ուղղությամբ հայկական կողմ է անցել Ադրբեջանի քաղաքացի, 39-ամյա կին:

Ադրբեջանի ու ՀՀ քաղաքացիները սահմանային գոտում երբեմն պատահաբար անցնում են սահմանը՝ հայտնվելով հարևան երկրի տարածքում: 2015-ի նոյեմբերի 12-ինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ Հայաստան է վերադարձվել ՀՀ քաղաքացին՝ տարեց կինը, որը նոյեմբերի 8-ին հատել էր սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։

Սակայն ՀՀ քաղաքացիները հաճախ սպանվում են, ինչպես տեղի ունեցավ Կարեն Խոջոյանի կամ ԼՂՀ բնակիչ, հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքում: Երբեմն ադրբեջանցիներն անցնում են կամ փորձում են անցնել ՀՀ՝ բողոքելով երկրում անարդարությունից: Նման անհաջող փորձ տեղի էր ունեցել 2015-ի հոկտեմբերին, իսկ 2016-ի փետրվարին 20-ից ավելի ադրբեջանցիներ սպիտակ դրոշներով փորձէլ էին անցնել ԼՂՀ:

Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992-ից ի վեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: