11 հունիսի 2016 - 15:48 AMT
ԵՄ 5 երկիր առանց վիզայի ռեժիմ է պահանջում Վրաստանի համար

Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ռումինիայի և Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարները հուսով են, որ Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման մասին որոշումը կկայացվի հունիսի 20-ին կայանալիք ԵԽ արտաքին գործերի խորհրդի նիստում:

«Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման հարցը անարդարացիորեն ձգձգվում է»,-ասել է Լիտվայի ԱԳ նախարար Լինկյավիչուսը:

Եվրահանձնաժողովը 2015-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ Վրաստանը կատարել է բոլոր պայմանները ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման համար: 2016-ի մարտին ԵՀ-ն հանդես է եկել վիզաների չեղարկման օրենսդրական նախաձեռնությամբ:

«Նմանատիպ պայմաններում Մոլդովան 2 տարի առաջ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ ստացավ, Վրաստանը նույնպես բարեփոխումներ է անցկացրել»,-ասել է Լինկյավիչուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ սպասում են վիզաների ռեժիմի ազատականացման ամռան սկզբին:

Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հակառակորդները մտավախություն ունեն, որ դրանից կօգտվեն վրացական հանցավոր խմբավորումները և դա կնպաստի հանցավորության աճին Եվրամիության երկրներում: Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից հետո այդ հարցի նպատակահարմարության առումով իր կասկածն է հայտնել նաև Իտալիան: Հունիսի 6-ին Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին դեմ է արտահայտվել Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը:

Ընթերցեք նաև. Վրաստանին հորդորել են չսպասել, թե ԵՄ հետ վիզաների չեղարկման հարցն արագ կլուծվի