13 հունիսի 2016 - 12:05 AMT
Ամերիաբանկը $20 մլն պարտքային արժեթուղթ է տեղաբաշխել ResponsAbility Investments AG ընկերության միջոցով

Հունիսի 10-ին Ամերիաբանկն իր ներդրումային կառավարիչ responsAbility Investments AG ընկերության միջոցով հաջողությամբ տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքային արժեթուղթ լյուքսեմբուրգյան չորս ներդրումային ֆոնդերի միջև:

Զարգացող երկրների շուկաներում ներդրումներ իրականացնող այդ ֆոնդերը բարձր են գնահատել Ամերիաբանկի վարկային վարկանիշը, միջազգային կապիտալի շուկայում ունեցած հեղինակությունը, բարձր ֆինանսական ցուցանիշները, ճկուն բիզնես-մոդելը, կորպորատիվ կառավարման օրինակելի համակարգը, ինչպես նաև գործարքի ռիսկայնության ցածր մակարդակը, ինչի արդյունքում ձեռք են բերել Բանկի պարտքային արժեթղթերը մեծ ծավալով:

Արժեթղթերի տեղաբաշխումից ձեռք բերված միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը: Այս ֆինանսավորումը կնպաստի ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետության ծրագրերին ուղղված ֆինանսավորումը կխթանի ոլորտի կայուն զարգացումը, կնպաստի երկրում էներգախնայողության ապահովմանը:

Ամերիաբանկը բարձր է գնահատում responsAbility Investments AG ընկերության հետ այս նոր գործընկերական հարաբերությունների ստեղծումը, որն էական նշանակություն կունենա տվյալ ոլորտների և ամբողջ ազգային տնտեսության զարգացման համար: