19 մարտի 2007 - 17:03 AMT
Լենմարկեր. Ամռանը Երեւանի եւ Բաքվի միջեւ կարող է խաղաղ պայմանագիր կնքվել Ղարաբաղի վերաբերյալ
ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին հյուրի կարգավիճակով ներկա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը նշել է, որ Հայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կարող է խաղաղ պայմանագիր կնքվել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, որը մասնակցել է մշտական հանձնաժողովի նիստին:

Նրա խոսքերով, Գ.Լենմարկերը հանդես է եկել զեկույցով Եվրոպայում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Նրա զեկույցում անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: Լենմարկերը նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո, հունիսին-հուլիսին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարող է խաղաղ պայմանագիր կնքվել Ղարաբաղի վերաբերյալ, քանի որ կողմերը քննարկել են Մինսկի խմբի առաջարկները, համաձայնություն է ձեռք բերվել որոշ մանրամասների շուրջ:

«Գ.Լենմարկերն ասել է, որ այժմ շարունակվում են քննարկումները մի շարք հարցերի շուրջ եւ աշխատանքներ են տարվում խաղաղ պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ: Ուստի կողմերն այժմ ավելի մոտ են խաղաղ պայմանագիր կնքելուն, քան սովորաբար»,-ասել է Ռ.Հուսեյնովը: Ըստ նրա, Լենմարկերը նշել է, որ դեռեւս 2001 թվականին Քի Վեսթում Ադրբեջանն ու Հայաստանը մոտ էին խաղաղ պայմանագրի կնքմանը: Լենմարկերը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ այլ հակամարտությունների կարգավորման վրա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: