14 հունիսի 2016 - 11:56 AMT
Դեպի Սևան սեզոնային էլեկտրագնացքը կգործի հունիսի 16-ից

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան - Ալմաստ (Երևան) - Սևան (Շորժա) էլեկտրագնացքը:

Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է ամեն օր՝ սկսած հունիսի 16-ից, բացի չորեքշաբթի օրերից:

Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը երթևեկելու է մինչև Սևան կայարան, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև Շորժա: Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10:

Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30: Սևան գնացքը ժամանում է 10:59-ին, Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին Շորժա կայարանից և 17:25–ին՝Սևանից: Երևան էլեկտրագնացքը վերադառնում է 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

ՀԿԵ-ն մինչև Սևան և Շորժա կայարաններ էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին: Երևանից Բաթումի ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: 2015-ի հետ համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են 9.850 դրամից մինչև 25.760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից: