14 հունիսի 2016 - 17:29 AMT
ԱՀՀ. Դատապարտում ենք Օռլանդոյում տեղի ունեցած բարբարոսությունը

Ամերիկայի հայկական համագումարը հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում «Իսլամական պետության» խմբավորման հետևորդի կողմից կատարված զանգվածային հրաձգության կապակցությամբ հետևյալ հաղորդագրությունն է տարածել:

«Ամերիկայի հայկական համագումարը և համայն ամերիկահայերը սգում են Օռլանդոյի սպանդի զոհերի կորուստը: Մենք աղոթում ենք զոհերի, նրանց ընտանիքների և ընկերների համար: Համագումարը դատապարտում է տեղի ունեցած բարբարոսական գործողությունները, և ի դեմս հանցագործի ու նրա համախոհների մարմնավորած համատարած անհանդուրժողականությունը, ատելությունը և վայրագությունը:

Մի քանի ամիս առաջ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայում և Իրաքում թիրախավորված խմբերի, այդ թվում հայերի ցեղասպանության պատասխանատուն է:

Մենք, հայերս, գիտենք թիրախ լինելու և սպանվելու սարսափը, ինչպես մեզ հետ վարվեցին օսմանյան թուրքերը 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ, Ադրբեջանը՝ 1980-ականների վերջերից ի վեր, և այսօր՝ կրկին «Իսլամական պետություն» խմբավորման կողմից: Երբ կանգնում ենք այդ անբարո ահաբեկչական գործողությունների առջև, ակնառու է դառնում ոտքի ելնելու և հանցագործների և նրանց սատարողների նկատմամբ հաղթանակելու հրամայականը: Խոնարհվելով մարդկային ցավալի կորստի առջև՝ միշտ զորակից կլինենք Օռլանդոյին», - հաղորդագրությունը մեջբերում է Ա1+-ը:

Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբներից մեկի վրա հունիսի լույս 12-ի գիշերը հարձակում է եղել, ինչի արդյունքում 50 մարդ է զոհվել, ևս 53-ը վիրավորվել։ Իրավապահ մարմիններում աղբյուրների փոխանցմամբ, կրակողը եղել է աֆղանական արմատներով ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը:

Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ակումբում հարձակում իրականացրած Օմար Մարտինը միջադեպից 20 րոպե առաջ 911 ծառայություն է զանգել և հավատարմության երդում տվել ԻՊ-ին: USA Today-ը դեպքն արդեն ԱՄՆ պատմության մեջ զոհերի քանակով ամենախոշորն է որակել։ Ավելի ուշ կրակողի հայրը՝ Միր Սեդիքը, NBC News-ին պատնմել է, որ իր որդին կարող էր նման քայլի դիմել, քանի որ ամիսներ առաջ Մայամիում համբուրվող տղամարդկանց է տեսել ու բարկացել, քանի որ նրանք համբուրվում էին իր որդու ու կնոջ աչքի առաջ։

Հետախուզությունների դաշնային բյուրոյի տվյալներով` աֆղանական ծագմամբ ամերիկացի Մարտինը այն հարյուրավոր մարդկանց ցուցակում է եղել, որոնք կասկածվում են «Իսլամական պետությանը» աջակցելու համար: Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է տեղի ունեցած հրաձգությունը` այն բնութագրելով որպես «մահաբեր անխոհեմություն և անիմաստ ատելություն»:

Կարդացեք նաև՝ Սարգսյանը ցավակցել է Օբամային՝ Օռլանդոյում ահաբեկչության կապակցությամբ