15 հունիսի 2016 - 11:55 AMT
ՀՀ և ՌԴ ՊՆ փոխնախարարները քննարկել են երկկողմ գործակցության հարցեր

Հունիսի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված սպառազինության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա իրականացվել են որոշ գործողություններ, աշխատանքն ընթացքի մեջ է:

Դեռ 2015-ի հունիսի 26-ին Երևանում «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիր էր ստորագրվել, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից $200 մլն զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարվա ընթացքում: Համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին: