15 հունիսի 2016 - 13:13 AMT
Բունդեսթագի որոշման համար ափսոսանք հայտնած Աթեշյանը կայցելի Հայաստան

Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Հայաստան կայցելի: Այս մասին տեղեկացվում է պատրիարքարանի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ Աթեշյանը հունիսի 15-ին մեկնում է Ռուսաստան, որտեղից էլ կուղևորվի դեպի Հայաստան՝ մասնակցելուԳերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի պապի՝ Հայաստան այցելության միջոցառումներին:

Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հունիսի 7-ին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ի պատասխան PanARMENIAN.Net հարցմանը մեկնաբանել է Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահին:

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին՝ փոխանցելով Գերմանիայի ժողովրդին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի երախտագետ զգացումները։

«Սակայն այս դեպքում գործ ունենք Թուրքիայի և նրա վարած քաղաքականության հետ։ Բնավ չփորձելով արդարացնել որևէ մեկին՝ միևնույն ժամանակ նշեմ, որ չենք բացառում հարկադրանքի պարագան», - ընգծգել է Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատուն։

Կարդացեք նաև՝ Պոլսի պատրիարքի փոխանորդին ՀՀ-ում բողոքի ցույցով են դիմավորելու

Արարատյան թեմի առաջնորդը՝ Աթեշյանի նամակի մասին. «Ինքս երբեք չէի անի, սակայն դատապարտել չեմ կարող»