15 հունիսի 2016 - 16:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ոսկե ծիրան» 2016. Առաջին անգամ՝ դանիական ու բասկական ֆիլմեր, «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիր

Հուլիսի 10-ից 17-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը, որին այս տարի առաջին անգամ ներկայացված կլինեն դանիական ու բասկական ֆիլմեր:

Բացի այդ, 2016-ի «Ոսկե ծիրան»-ը, ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, առանձնահատուկ է, որովհետև Հայաստանը նշում է անկախության 25 ամյակը:

««Ոսկե ծիրան» փառատոնն անկախության ծնունդն է, ներառում է անկախության բոլոր հասկացությունները: Դա խաղաղությունն է, մարդասիրությունը, ժողովրդավարությունը … «Ոսկե ծիրան»-ի շնորհիվ մենք կարողացանք վերացնել բազմաթիվ սահմաններ, որոնք գոյություն ունեին մեզանում»,- նշել է Պողոսյանը՝ ավելացնելով, որ «Ոսկե ծիրան»-ը հայ հասարակությանը բերեց ազատության գաղափարներ:

Այս տարի առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կներկայացվի նաև «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, որտեղ կներկայացվեն ՀՀ անկախության տարիներին նկարված խաղարկային ու վավերագրական 17 ֆիլմ, գրում է Tert.am-ը:

Այս համատեքստում Մշակույթի նախարարը կարևորել է տվյալ ծրագրի անցկացումը՝ նշելով, որ «Ոսկե ծիրան»–ն ամփոփելու է ազատ, անկախ պետության կինոարվեստը, մերժել կամ արժևորել այն:

Վերջում Պողոսյանը շնորհակալություն հայտնեց «Վիվա Սել ՄՏՍ» ընկերությանը, որը հովանավորում է կինոփառատոնը: «Վիվա Սել ՄՏՍ»-ի տնօրենն էլ հաջողություններ մաղթեց փառատոնին: Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ մարդիկ, ովքեր կգան Հայաստան «Ոսկե ծիրան»-ի համար կպատմեն այս փառատոնի մասին իրենց երկրներում:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է. «Կինեմատոգրաֆն արդի առասպելի ստեղծողն է: Գեղարվեստական ֆիլմերի միջոցով է ապահովվում ազգային կերպարի, խորհրդանշանների և էպոսի ներկայացումն ու դրանց շարունակականությունը: Ազգերը, որոնք չունեն սեփական կինեմատոգրաֆը, կորցնում են կապը սեփական առասպելի հետ, հայտնվում փակուղու առաջ և ենթարկվում բացառապես այլ մշակույթների առասպելների ազդեցությանը: Հարկ չկա նշելու, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր է ունենալ ազգային կինեմատոգրաֆի կայացած դպրոց՝ նաև որպես զանգվածային հաղորդակցության հզորագույն գործիք, որը միաժամանակ ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու ազգային շահերի առաջխաղացմանը»:

Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է մոտ 135 ֆիլմ: Փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի հեղինակն է The Sign դիզայն ստուդիան: «Ոսկե ծիրանի» կարևորագույն և անբաժան մաս դարձած՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերում այս տարի ևս կներկայացվեն համաշխարհային կինոյի վարպետների հին ու նոր լավագույն աշխատանքները: Արտամրցութային ծրագրերը դարձյալ կլինեն հագեցած և բազմազան:

«Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը կմեկնարկի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007 թ.) ֆիլմի ցուցադրությամբ։ Համադրող կինոքննադատները յուրաքանչյուր ֆիլմից առաջ կներկայացնեն ֆիլմի ստեղծման պատմությունը, իսկ ծրագրի ավարտին նախատեսվում է կլոր սեղան–քննարկում, որի մասնակիցները կանդրադառնան անկախության շրջանի կինոյի պատմությանը, զարգացման ուղիներին և խնդիրներին:

«Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին» նվիրված հատուկ ծրագիրն իրականացվում է Հյաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշներ:

«Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, ներառում է վերջին շրջանի ֆրանսիական լավագույն ֆիլմերից երեքը: Բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015 թ.) ֆիլմի ցուցադրությամբ։

«Դանիական նոր կինո» ծրագիրը փառատոնն իրականացնում է Դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Ի դեպ, սա Դանիական կինոինստիտուտի և «Ոսկե ծիրանի» արդեն երկրորդ համագործակցությունն է: Կներկայացվեն վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը: Ծրագիրը կմեկնարկի Թոմաս Վինթերբերգի «Համայնք» (2016 թ.) ֆիլմով։

«Բասկական նոր կինո» ծրագիրն իրականացվում է Epe-Apv ընկերության աջակցությամբ. կներկայացվի բասկ կինոռեժիսորների 4 լավագույն աշխատանքները: Բացումը կկայանա Լառա Իզագիրի «Աշուն առանց Բեռլինի» (2015 թ.) ֆիլմի ցուցադրմամբ։

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները: Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

ՖՈՏՈՇԱՐՔ