21 մարտի 2007 - 14:00 AMT
Թուրքիան դժգոհ է, որ իրեն չեն հրավիրել ԵՄ հոբելյանական գագաթնաժողովին
Թուրքիան իր դժգոհությունն է հայտնել Գերմանիային այն առիթով, որ Բեռլինը չի հրավիրել նրան Եվրամիության գագաթնաժողովին, որը պետք է կայանա մարտի 24-25 Գերմանիայի մայրաքաղաքում: Գագաթնաժողովը նվիրված է Հռոմեկան համաձայնագրի կնքման 50-ամյակին, որով սկիզբ դրվեց Եվրամիության ստեծմանը: «Եթե Գերմանիան բեռլինյան հանդիպմանը հրավիրեր թեկնածու երկրներին, դա կարեւոր իրադարձություն կդառնար եվրոպական ընտանիքի միասնության ցուցադրման տեսակետից»,-երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեվենտ Բիլմանը: Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածում է 2005 թվականի հոկտեմբերից ի վեր, սակայն եվրաինտեգրման շուրջ բանակցությունները մասնակիորեն սառեցվեցին անցյալ տարվա դեկտեմբերին, քանի որ պաշտոնական Անկարան հրաժարվեց բացել 2004 թվականից ի վեր ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի Հանրապետության համար իր ծովային նավահանգիստներն ու օդակայանները: Դա է պահանջում Մաքսային միության մասին լրացուցիչ արձանագրությունը, որը ստորագրել է Թուրքիան:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի երկիրը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, նախկինում բազմիցս հանդես է եկել լիիրավ անդամի կարգավիճակով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ: Նա գտնում է, որ Անկարային պետք է հատկացնել Եվրամիության հետ «արտոնյալ գործընկերության» կարգավիճակ, սակայն դրան կտրականապես դեմ է թուրքական կողմը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: