16 հունիսի 2016 - 11:45 AMT
Էվանս. ԼՂ հարցով բանակցությունները պետք է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման վրա

Հունիսի 20-ին Պետերբուրգում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հավանաբար քննարկվելու է ոչ թե խաղաղ պայմանագիրը, այլ՝ ներկա իրավիճակում խաղաղության ապահովման միջոցները: Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

«Կարծում եմ, ապրիլի 2-ին և հաջորդ օրերին տեղի ունեցածից հետո շատ ավելի դժվար է բանակցել: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է հայկական կողմը ցնցված տեղի ունեցածով»:

Էվանսի խոսքով, նախագահների առաջիկա հանդիպումն այնուամենայնիվ հույս է ներշնչում. «Առաջնորդներից երկուսն էլ խելացի և պատասխանատու մարդիկ են, և եթե նրանք հոգ են տանում իրենց մարդկանց մասին, ապա պետք է բանակցեն և փորձեն նվազեցնել հետագա բռնությունների հնարավորությունը»:

Ջոն Էվանսն ընդգծել է, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, և ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի:

Բելառուսում և Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քենեթ Յալովիցի կարծիքով, ապրիլյան պատերազմը լուրջ վտանգ էր հանդիսանում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև տարածաշրջանում գլոբալ խաղացողների համար. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը կարող է շատ վտանգավոր լինել, կարող է իր մեջ ներքաշել Թուրքիան, Ռուսաստանը և նույնիսկ Իրանը: Դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը փաստորեն պատերազմի մեջ կհայտնվեր Ռուսաստանի հետ»:

Յալովիցի խոսքով, Վաշինգտոնից բավականին բարդ է պարզել, թե ով էր հրահրել ապրիլյան պատերազմը: Միևնույն ժամանակ, նա ավելացնում է. «Չեմ սիրում մեղադրանքներ հնչեցնել, սակայն կարծես թե տրամաբանական է թվում, որ դա կփորձեին անել ադրբեջանցիները»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Ջոն Էվանսն ընդգծել է, որ բանակցություններն անհրաժեշտ է կենտրոնացնել հենց մարդկանց անվտանգության ապահովման, այլ ոչ այնքան՝ տարածքների վրա: Այդ մոտեցման դեպքում, կողմերը կարող են քննարկել ինչպես Ղարաբաղի բնակչության, այդնես էլ՝ ադրբեջանցի տեղահանվածների ճակատագիրը. «Այսօրվա աշխարհում տարածքներն այնքան կարևոր չեն, որքան հասարակությունը, օրենքի գերիշխանությունը և գործարար լավ մթնոլորտը»:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին է հայտնել Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Սարգսյանի և Ալիևի հետ:

Մինչդեռ ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման գծով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը: Նա ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից և չի պատասխանել հանդիպման օրվա մասին հարցին: