16 հունիսի 2016 - 16:36 AMT
Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել է մերժել Սիսի կաթողիկոսարանի հայցի քննարկումը

Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել է մերժել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկասորանի՝ Սիսի նախկին կաթողիկոսարանի վերադարձի վերաբերյալ հայցը Սահմանադրական դատարան:

Ինչպես հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, ՍԴ-ն ցանկացել է լսել երկրի արդարադատության նախարարության տեսակետը, որն էլ պահանջել է մերժել հայցը:

Հայկական կողմն ի պատասխան իր մեկնաբանություններն է ներկայացրել Թուրքիայի ՍԴ՝ հղվելով պատմական ու իրավական հիմնավորումների վրա: Ակնկալվում է, որ ՍԴ-ն որոշում կկայացնի՝ Թուրքիայի արդարադատության նախարարության ու հայկական կողմի պատասխանի հիման վրա:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար:

Թուրքիայի Սահմանադրական դատարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացված հայցով հարուցած դատական գործի միակ նպատակը հայ եկեղեցու կալվածքների վերադարձն է, 2015-ի հունիսին հայտարարել էր Կիլիկիայի հայոց կաթողիկոս Արամ Ա-ի թուրք փաստաբան Ջեմ Սաֆուօղլուն: «Թեև դատական հայցով պահանջվել է 100 մլն թուրքական լիրա՝ որպես եկեցեղապատկան գույքի դիմաց փոխհատուցում, դրամական փոխհատուցման պահանջը ընդամենը իրավաբանական անհրաժեշտություն է եղել, որն առաջանում է Թուրքիայի սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու կարգից ելնելով: Մեր պահանջը երբեք չի հիմնվել դրամական փոխհատուցման պայմանի վրա: Մեր հայցի միակ նպատակը գույքի վերդարձն է: Եթե այս հարցում դատարանի որոշումը մեր օգտին լինի, դա մեծապես կնպաստի նաև այլ եկեղեցիների և վանական համալիրների գույքի վերադարձին», - ասել է Սաֆուօղլուն:

2015-ի մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:

Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293–1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հս. ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին:

Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում: