17 հունիսի 2016 - 09:49 AMT
Հայաստանը խստիվ դատապարտում է Հալեպի քրիստոնեաբնակ թաղամասերի կանխամտածված հրթիռակոծումը

Հայաստանը մտահոգված է «Ալ Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման կողմից Հալեպի նկատմամբ վերջին հարձակումների կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ մասին հունիսի 16-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1105-րդ նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը` հանդես գալով հայտարարությամբ Սիրիայի Հալեպ քաղաքի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:

Հայկական կողմը խստիվ դատապարտում է Հալեպի քրիստոնեաբնակ թաղամասերի կանխամտածված ու հետևողական հրթիռակոծումը, որի հետևանքով միայն հայաբնակ թաղամասերում զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ և լուրջ վնաս է հասցվել Սուրբ Երրորդության «Զվարթնոց» հայկական կաթոլիկ եկեղեցուն, հայկական ծերանոցին և պատմամշակութային ու գիտակրթական նշանակության այլ շենքերի:

ՀՀ դեսպանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի առաքելությունը հետևողականորեն բարձրաձայնել է Սիրիայում և Իրաքում գործող օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների, մասնավորապես, «Իսլամական պետություն», «Ալ Նուսրա ճակատ», ինչպես նաև «Ալ Քաիդա»-յի հետ առնչություն ունեցող ահաբեկչական այլ խմբավորումների խնդիրը: Ընդգծվել է, որ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ հայկական համայնքը, հանդիսանում են այդ խմբավորումների առաջնային թիրախը:

Դեսպան Կիրակոսյանը նշել է, որ վերոհիշյալ ահաբեկչական կազմավորումների գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության համար: Բռնի ծայրահեղականությունը, արմատականացումն ու ահաբեկչությունը թիրախ են դարձնում էթնիկ ու կրոնական փոքրամասնություններին, սպառնում նրանց գոյությանը Մերձավոր Արևելքում ու առավել սրում ԵԱՀԿ տարածքում առկա միգրացիոն ճգնաժամը: Հայոց ցեղասպանությունը վերապրածներն են ձևավորել Հալեպի հայկական համայնքը, և 101 տարի անց այդ համայնքը պայքարում է իր գոյության համար ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող անդրսահմանային աջակցության պայմաններում:

ՀՀ դեսպանը հղում է կատարել ԵԱՀԿ Բազելի ու Բելգրադի նախարարական հռչակագրերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170, 2178, 2199 և 2249 բանաձևերին՝ կոչ անելով բոլոր մասնակից պետություններին առանց որևէ նախապայմանների իրականացնել վերոհիշյալ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները ահաբեկչության դեմ պայքարում: Արման Կիրակոսյանը, մասնավորապես, կոչ է արեց Թուրքիային կանխել ահաբեկչական խմբերի կողմից քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ անդրսահմանային հարձակումներ իրականացնելու նպատակով իր տարածքի օգտագործումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հրադադարի ռեժիմի հաստատումից ի եվր «Ջեբհաթ ան Նուսրան» երկու անգամ փորձել է հարձակման անցնել Հալեպի շրջանում, սակայն սիրիական բանակին հաջողվել է հետ մղել գրոհները: Դրանից հետո իսլամիստները սկսել են գնադկոծել բնակելի թաղամասերը: Մարտական գործողությունները չեն դադարում նույնիսկ Ռամադանի շրջանում, որը սրբազան ամիս է համարվում մահմեդականների համար: Ըստ ԶԼՄ-ների, Սիրիայում տասնյալ քարոզիչներ կան Սաուդյան Արաբիայից, որոնք համոզում են ահաբեկիչներին չդադարեցնել պայքարը:

Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց: