17 հունիսի 2016 - 10:32 AMT
ՀՀ-ից Կոնգո $1.5 մլն-ի զենք է արտահանվել

Թեև Հայաստանը չի հանդիսանում զենք արտադրող կամ վաճառող լուրջ կենտրոն, որոշ քանակի զենք ու զինամթերք ՀՀ-ից, այնուամենայնիվ, արտահանվում է:

Վերջին տարիների ամենախոշոր նմանատիպ գործարքը գրանցվել է 2014 թվականին, երբ Հայաստանից արտահանվել է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի (ԱՏԳ ԱԱ) 9301 ապրանքախմբի՝ մոտ $1.5 մլն-ի ապրանք:

Նշված ապրանքախմբի մեջ է մտնում զենքի ու մարտական տեխնիկայի մի քանի զինատեսակ՝ հրետանու բոլոր տեսակները, այդ թվում՝ զենիթային գնդացիրներ ու հրետանի, հակատանկային, թնդանոթներ, հաուբիցներ ու մորտիրներ, ինքնագնաց հրետանին, ավտոմատներն ու գնդացիրները, կարաբինները, մի շարք այլ զինատեսակներ: Նշենք, որ զենքի մասերն, արկերն ու փամփուշտներն անցնում են այլ՝ 9305 և 9306 ապրանքախմբերով:

Միակ երկիրը, որտեղ ՀՀ-ից զենք է արտահանվել, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է: Ընդամենը արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ $1.468.000 մաքսային արժեքով, կամ միավորը՝ մոտ $1000 գնով: Դատելով այդ տվյալներից, պարզ է դառնում, որ խոսքն, այնուամենայնիվ, խոշոր տրամաչափի հրետանու կամ տանկերի մասին չէ. արտահանված զինատեսակները, հավանաբար, ավտոմատներ, գնդացիրներ, հրացաններ կամ ձեռքի հակատանկային նռնականետեր են:

PanARMENIAN.Net-ը դիմեց Պետեկամուտների կոմիտե՝ պարզաբանումների համար: Կոմիտեում, սակայն, ասացին, որ տվյալ տեղեկությունը դասվում է ծառայողական գաղտնիքի շարքին ու մանրամասներ չեն կարող տրամադրել: Պաշտպանության նախարարությունից էլ ասացին, որ գերատեսչությունը զենքի առևտրով չի զբաղվում ու հարցը մեկնաբանել իրավասու չէ:

2015 թվականին Հայաստանից վերոնշյալ կարգի զենք, ըստ պաշտոնական վիճակագրության, չի արտահանվել: