18 հունիսի 2016 - 12:24 AMT
Թուրքիան հետ է ուղարկել ԵԽ զեկույցը Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով

ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունն առանց քննարկման վերադարձրել է Եվրախորհրարանի զեկույցը Թուրքիայում եվրաինտեգրման առաջընթացի մասին, որը ստացել էր հունիսի 17-ին, Հայոց ցեղասպանության մասին հիշատակման պատճառով, հայտնում է Daily Sabah-ը:

Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ 2016-ի ապրիլին ընդունված Եվրախորհրդարանի զեկույցը, որին կողմ էր քվեարկել 375 պատգամավոր և որն ուղարկվել էր Թուրքիայի մշտական ներկայացուցչություն, միանգամից մերժվել է առանց քննարկման`Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հորդորի պատճառով:

Նույն պատճառով Թուրքիան վերադարձրել էր նախորդ զեկույցը`2015-ին:

ԵՄ գծով թուրք նախարար Վոլկան Բոզքիրն ավելի վաղ արդեն հայտնել էր, որ Թուրքիան չի ճանաչում զեկույցն ու չի ընդունի այն: «Թուրքիան կմերժի Եվրախորհրդարանի զեկույցը, եթե այնտեղ հիշատակում լինի Հայոց ցեղասպանության մասին: Ցավոք, այս զեկույցում ևս նմանատիպ հղում կա: Ուստի մենք չենք ճանաչում զեկույցն ու հետ կվերադարձնենք այն»,-ասել է Բոզկիրը:

Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան՝ 2015-ի զեկույցը, որտեղ ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը: Փաստաթղթում հղում է կատարված նախորդ կոչերին, որտեղ Եվրախորհրդարանը հորդորում էր Անկարային մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները ճանաչել ցեղասպանություն։

Եվրախորհրդարանում ապրիլի 14-ին Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը ընդունվել է կողմ և դեմ ձայների մեծ տարբերությամբ․ կողմ են քվեարկել 375, դեմ՝ 133 պատգամավորներ։

Միջազգային գործակալությունները նշում են, որ Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը բավականին խիստ է։ Հայոց ցեղասպանության հարցը ներառելուց բացի, Եվրախորհրդարանը Թուրքիայի կառավարությանը խստորեն քննադատել է մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներից նահանջելու համար: