Թուրքիայի հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել Իսպանիայից ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում, որին համացանցն արձագանքել է` ծաղրելով, բայց ոչ թե թուրք ֆուտբոլիստներին, այլ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին: Այդ մասին գրել է գերմանական Stern-ը:
Մասնավորապես, սոցցանցերի օգտատերերը կատակում են «կոշտ միջոցների» վերաբերյալ, որոնք Էրդողանը կարող է ձերնարկել իսպանացիների դեմ:
«Պարոն Էրդողանը կանչել է Իսպանիայի դեսպանին»,-գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:
«Եկավ Էրդողանն ու սկսկեց ապտակել բոլորին»,-կատակել է Eurosport.de-ի սոցցանցերի գծով մասնագետ Ֆլո Բուգները:
«Կարծում եմ, Էրդողանը դատի կտա Իսպանիային»,-ենթադրել է օգտատեր Ֆրանկ Բուշմանը:
«Արդյոք դա նշանակում է, որ պարոն Էրդողանը կարգելի մուտքը երկիր բոլոր իսպանացիներին»,-գրել է Քրիստիան Վոզնյակը:
«Տեսնենք, երբ Էրդողանն իսպանացիներին ահաբեկիչ կհայտարարի, կամ գոնե նրանց դեսպանին կկանչի»,-գրել է մեկ այլ օգտատեր Twitter-ում:
Սոցցանցերում չեն շրջանցել նաև Թուրքիայի հավաքականի երկրպագուներին, որոնք ինչ-որ պահի սկսել են սուլել իրենց հավաքականին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Թուրքերը սուլոցներով են արձագանքում իրենց իսկ թիմի ավագի գործողություններին, ամեն անգամ, երբ նա դիպչում է գնդակին: Հրաշալի ֆանատներ են, ինչ ասես»,-նշել է Կեբեկուսը:
«Այո, դա շատ է տրամադրում թուրքական թիմին, երբ սեփական մոլի երկրպագուներն են սուլոցնելով դիմավորում ավագին»,-արձագանքել է օգտատեր Սեբաստիան Շտանդկեն:
Ոմանք ուշադրություն են դարձրել Թուրքիայի հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմի արձագանքին, որը բավականի արագ է դուրս եկել ափերից:
Թուրքիայի հավաքականը պարտվել է Իսպանիային 3:0 հաշվով: Առաջին գոլի հեղինակ է դարձել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան: 3 րոպե անց իսպանացիներն արդեն 2:0 առավելության էին հասել, իսկ երկրորդ խաղակեսի սկզբին Մորատան վերջակետ դրեց` իրացնելով երրորդ գոլը:
Այղպիսով, Թուրքիան, պարտվելով արդեն երկրորդ խաղում, 4-ն է խմբում: Իսկ իսպանացիները երկու հաղթանակ ունեն և ապահովել են ելքը փլեյ օֆ: