18 հունիսի 2016 - 13:58 AMT
Ալիև. Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան կարգավորման համար

Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մահմեդականների համար սրբազան համարվող Ռամազան ամսվա կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ:

«Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,-հայտարարել է Ալիևը` նշելով, որ միջնորդները նաև պետք է հասկանան, որ դա սառեցված հակամարտություն չէ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը: