18 հունիսի 2016 - 17:06 AMT
Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպում. ՀՀ նախագահը հունիսի 20-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Նախագահների հանդիպմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: ԵԱՀԿ-ն, սակայն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման գծով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը: Այդ մասին հունիսի 15-ին հայտնել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը: Նա ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից և չի պատասխանել հանդիպման օրվա մասին հարցին:

Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին է հայտնել Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Սարգսյանի և Ալիևի հետ: