20 հունիսի 2016 - 15:11 AMT
Պեսկով. Եռակողմ հանդիպման հիմնական խնդիրն է բացառել ռազմական գործողությունների վերսկսումը

ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հիմնական խնդիրը Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է: Այդ մասին լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հիմա գլխավոր նպատակը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է, թույլ չտալը, որ այն մշակումները, որոնք կային Ղարաբաղի շուրջ մարտական գործողությունների վերսկսման պահին, կորչեն»,-ասել է Պեսկովը:

Ըստ նրա, առաջիկա բանակցությունները բարդ են լինելու, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Մայիսի 16-ին Վիեննայի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. «Կոմերսանտ». ՌԴ-ն չի կարող թույլ տալ, որ նախագահների պետերբուրգյան հանդիպումը ձախողվի