20 հունիսի 2016 - 17:03 AMT
Նախագահը՝ եռակողմ հանդիպումից առաջ. Ակնկալում եմ, որ Ադրբեջանը կկատարի պարտավորությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից ակնկալում է Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերում, սահմաններում խախտումների բացառում:

«Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն, իրենց գործողությունները համահունչ են դարձնում 1994 և 1995թթ. կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին։ Վիեննայում մայիսի 16-ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում։

Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք բանակցային պրոցեսը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով»,- նշել է ՀՀ նախագահը, գրում է Արցախպրեսը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին ժամանել է Սանկտ Պետերբուրգ:

Մեկնարկել է ՀՀ նախագահի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հունիսի 20-ին նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և քառօրյա պատերազմից հետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացել է Վիեննայում մայիսի 16-ին:

Կարդացեք նաև՝ Բաղդասարյան. Նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չունենք