21 հունիսի 2016 - 10:13 AMT
ԼՂՀ ԱԳ նախարարը՝ Դանիայում. Կարևորվել է Արցախի մասին իրազեկվածության բարձրացման գործոնը

Աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մասնակցել է Դանիայի Բորնհոլմ կղզում կազմակերպվող «Ժողովրդական հանդիպում» (Folkemødet) ամենամյա հանրային ֆորումին։

Ֆորումի շրջանակներում՝ հունիսի 19-ին Դանիայի եվրոպական շարժում կազմակերպության տաղավարում Միրզոյանը ելույթ է ունեցել հանդիպում-քննարկմանը, որը վարում էր կազմակերպության ղեկավար Սթինե Բոսեն։

Ողջույնի խոսքում ԱԳ նախարարը կարևորել է կազմակերպված հանդիպումը՝ Դանիայում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև ԼՂՀ-ում առկա իրողությունները և միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Արցախի դիրքորոշումը ներկայացնելու տեսանկյունից։

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ ԱԳ նախարարը խոսել է արցախյան ազգային-ազատագրական շարժման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումների և արտաքին քաղաքական ոլորտի առաջնահերթությունների մասին։

Նույն օրը Միրզոյանն այցելել է Բորնհոլմ կղզու արվեստի թանգարան։ Կազմակերպված արարողության ընթացքում թանգարանի հավաքածուի համար տնօրեն Լարս Կերուլֆ Մյոլերին է փոխանցվել արցախցի տաղանդավոր քանդակագործ Հայկ Հակոբյանի քանդակը։ Իր կողմից, Բորնհոլմի թանգարանը Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանին է նվիրել Բորնհոլմում բնակվող արվեստագետ Լենի Գոլդեմբերգի ստեղծագործությունը։

Թանգարանի տնօրինության հետ մտքեր են փոխանակվել մշակույթի և թանգարանային գործի ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարների շուրջ։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն մեկնարկել էր հունիսի 16-ին:

Այցի շրջանակում ԱԳ նախարարը հանդիպել է քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված արդի իրավիճակին, մասնավորապես՝ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական արկածախնդրության համատեքստում:

Դանիական «Սվանեկ» գարեջրի հատուկ թողարկումը նվիրված էր Արցախին