21 հունիսի 2016 - 13:28 AMT
Յագլանդ. Եվրոպայի խորհուրդը չի մասնակցում ղարաբաղյան կարգավորմանը

Եվրոպայի խորհուրդը դերակատարություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ` պատասխանալեով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցչի հարցին:

«Դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք չեն ցանկանում, որ որևէ մեկը դրսից միջամտի: Եվ մենք պետք է հարգենք այդ որոշումը: Սակայն, եթե մեզ խնդրեն մեր ավանդն ունենալ այս հարցում, մենք, անշուշտ, պատրաստ ենք: Հակառակ դեպքում, մենք չենք ցանկանում խնդիրներ ստեղծել»,-ասել է Յագլանդը, հայտնում է Panorama. am-ը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.«ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Ընթերցեք նաև. Նալբանդյան. Եռակողմ հանդիպումից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական չէ