22 հունիսի 2016 - 10:12 AMT
Ֆրանսիան պատրաստ է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել

Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր արդեն հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման հարցով: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, միջնորդ հանդիսանալով կողմերի միջև, կշարունակեն կատարել իրենց պարտավորությունները, ինչպես նաև ջանքեր գործադրել վստահության ամրապնդման և հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ արդեն հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը»,-ասել է Բուշեն:

Ըստ նրա, Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ողջունում է Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպման արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հակամարտության խաղաղ կարգավորման կարելի է հասնել միայն շարունակական և անկեղծ երկխոսության միջոցով»,-հայտարարել է Բուշեն:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.«ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Ընթերցեք նաև. Արցախի վարչապետ. Պահանջում ենք բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության վերականգնում