26 մարտի 2007 - 17:31 AMT
Ղարաբաղ. Պրահայի գործընթացը Հայաստանում կայանալիք ընտրությունների շեմին չի արգելակվել
Կան օբյեկտիվ պայմաններ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածության հասնելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոնին, ապա դա ավելի բարդ է, սակայն համանախագահները հույսները չեն կորցնում եւ նախկինի պես աշխատում են մնացած հարցերի համաձայնեցման ուղղությամբ»,-նշել է նա:

Մերզլյակովը գտնում է, որ Պրահայի գործընթացը Հայաստանում կայանալիք ընտրությունների շեմին չի արգելակվել, միեւնույն ժամանակ, մինչեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները նախագահների մակարդակով հանդիպում չի ակնկալվում:

Ռուս համանախագահը հույս է հայտնել, որ ավելի ուշ կհաջողվի կազմակերպել նման հանդիպումներ` հավելելով, որ «հավանաբար, ապրիլին հերթական անգամ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները», հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: