Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի անունից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելության ծրագրին:
Պատվիրակությունը գլխավորում է Բերիո Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Շահան Սարգսյանը, պատվիրակության կազմում են նաև ԱՄԷ և Քաթարի թեմի կաթողիկոսական փոխանորդ, ծայրագույն վարդապետ Մեսրոպ Սարգսյանը և Դպրեվանքի տեսուչ ծայրագույն պատրիարք Թորգոմ Տոնոյանը, ասվում է կաթողիկոսության հաղորդագրության մեջ:
Հռոմի Պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս օրերին Հայաստան չի ժամանելու: Այդ մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: «Այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու»,-փոխանցել է քահանա Մելիքյանը: