23 հունիսի 2016 - 12:08 AMT
Վատիկանի խոսնակ. «Մեծ եղեռն»-ն ավելի ուժեղ եզրույթ է, քան «ցեղասպանություն»-ը

«Մեծ եղեռն» հայերեն արտահայտությունը ավելի ուժեղ է, քան «ցեղասպանություն» եզրը: Այս մասին հայտարարել է Վատիկանի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է Վատիկանը հետքայլ անում 1915-ի հայ ժողովրդի բնաջնջումը որպես «ցեղասպանություն» բնութագրելու հարցում:

«Ո՞րն է «ցեղասպանություն» բառի շուրջ այդ մոլեռանդության և դրա մասին հարցեր տալու պատճառը: Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Ոչ ոք չի հերքում, որ տեղի է ունեցել սարսափելի սպանդ, մենք դա ընդունում ենք: Այնուամենայնիվ, չենք ցանկանում, որ այս հարցը դառնա քաղաքական քննարկումների ծուղակ»,- ասել է Վատիկանի խոսնակը, Agensir.it-ին հղումով գրում է Civilnet.am-ը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին։ Այցի շրջանակում պապը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայաստանյան այցին ընդառաջ Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել՝ ասելով.«Ձեր պատմությունը և ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են ինձ մեջ հիացմունք և վիշտ: Հիացնումք՝ քանի որ Հիսուսի խաչի և ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կագնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել: Վիշտ՝ այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա»:

2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարեց, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել էր հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին:

Իսկ սեպտեմբերի 7-ին Կիլիկիայի նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանի հետ մատուցած պատարագի ժամանակ Սանտա Մարթա բնակավայրում գտնվող մատուռում Հռոմի պապը հայտարարել է, որ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ամենամեծ հալածանքներից մեկը, և հայերին հետապնդել են միայն քրիստոնյա լինելու համար։Հռոմի պապը Վատիկանում` Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ընդլայնված նիստի մասնակիցների ընդունելության ժամանակ հորդորել է բարեգործներին քրիստոնյաներին օգնելիս չմոռանալ նաև Հայաստանի մասին:

Կարդացեք նաև՝ ANCA-ն հուսով է՝ Պապի այցը ՀՀ կստիպի ԱՄՆ-ին հրաժարվել Թուրքիայի ժխտողականությանը սատարելուց

The Daily Mail. Հռոմի պապի այցը ՀՀ լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև