23 հունիսի 2016 - 12:53 AMT
The Wall Street Journal. Հռոմի պապի՝ Ծիծեռնակաբերդ այցը կարող է սրել Վատիկանի և Անկարայի հարաբերությունները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 24-ին եռօրյա այցով կմեկնի Հայաստան, որտեղ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը հավանաբար ևս մեկ անգամ կսրի Վատիկանի և Անկարայի միջև հարաբերությունները, գրում է The Wall Street Journal-ը:

Այս այցը տեղի է ունենում Կովկասյան անհանգիստ տարածաշրջանում բռնության խոշոր բռնկումից հետո, գրում է թերթը՝ նկատի ունենալով ապրիլյան քառօրյա պատերազմը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի հիմնական հարցն այն է, թե արդյոք Պապը կկրկնի՞ 2015-ին բարձրաձայնած «20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին» խոսքերը:

WSJ-ն հիշեցնում է, որ Թուրքիան 2015-ին Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ արված հայտարարությանն արձագանքեց Վատիկանում իր դեսպանին խորհրդակցությունների համար անմիջապես հետ կանչելով: Դեսպանը վերադարձավ միայն 10 ամիս անց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտեց Պապի հայտարարությունը և նախազգուշացրեց նրան «չկրկնել այդ սխալը», գրում է Tert.am-ը:

Թերթը հիշեցնում է, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառը 2001-ին Հայաստան այցի ժամանակ՝ Գարեգին II կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունում: Բայց Ֆրանցիսկոս պապն է՛լ ավելի հեռուն գնաց՝ ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարում «երեք մեծ և աննախադեպ ողբերգություններից մեկը»։

Թերթը գրում է, որ Պապի այցելության կոնտեքստում կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: Տասնամյակների ընթացքում ամենաուժեղ բախումները տեղի ունեցան, երբ ադրբեջանական ուժերը հարձակվեցին հայկական դիրքերի վրա՝ փորձելով գրավել ռազմավարական բարձունքներ, գրում է թերթը և հիշեցնում, որ երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում:

Հռոմի պապն Ադրբեջան կայցելի այս աշնանը՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում նա կլինի նաև Վրաստանում։ Վատիկանը պաշտոնապես այդ երկու այցելությունները ներկայացնում է որպես Կովկասյան տարածաշրջան 1 ուղևորության 2 մաս:

Թերթը նշում է, որ Պապի այցը հնարավորություն կընձեռի ամրապնդելու Հայ առաքելական եկեղեցու հետ կապերը:

Նշվում է, որ սահման այցելությունն օրակարգում չկա, բայց նման ժեստը հատկանշական կլինի Պապի համար, ով սիրում է զարմացնել մարդկանց: 2014-ին Սուրբ Երկիր այցելության ժամանակ Ֆրանցիսկոս պապը չնախատեսված կանգառ է արել Արևմտյան ափին՝ Իսրայելի բաժանիչ արգելապատի մոտ աղոթելու համար:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին։ Այցի շրջանակում պապը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայաստանյան այցին ընդառաջ Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել՝ ասելով.«Ձեր պատմությունը և ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են ինձ մեջ հիացմունք և վիշտ: Հիացնումք՝ քանի որ Հիսուսի խաչի և ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կագնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել: Վիշտ՝ այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա»:

Կարդացեք նաև՝ Վատիկանի խոսնակ. «Մեծ եղեռն»-ն ավելի ուժեղ եզրույթ է, քան «ցեղասպանություն»-ը

The Daily Mail. Հռոմի պապի այցը ՀՀ լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև