23 հունիսի 2016 - 15:03 AMT
Ադրբեջանցի ծանրորդները զրկվել են Ռիո-2016 մասնակցելու իրավունքից խթանիչների պատճառով

Ադրբեջանցի ծանրորդները զրկվել են Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք 2016թ. ամառային օլիմպիադային մասնակցելու 2 արտոնագրից:

Համապատասխան որոշումը կայացրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF):

Լիցենզիաների չեղարկման մասին որոշումն ընդունվել է, քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչների մոտ բազմիցս են հայտնաբերվել խթանիչների օգտագործման նշաններ Ռիո-2016-ի օլիմպիական որակավորման փուլում, հայտնում է Sputnik-Ադրբեջանը:

Օլիմպիադային մասնակցելու իրավունքից զրկվել են մարզիկներ Ինթիգամ Զաիրովը և Եվրոպայի գործող չեմպիոն Բոյանկա Կոստովան:

Արդյունքում Ադրբեջանի ծանրամարտի տղամարդկանց հավաքակնն ունի ընդամենը 3 լիցենզիա:

Ավելի վաղ 6 ադրբեջանցի ծանրորդ որակազրկվել էր խթանիչներ օգտագործելու պատճառով: Էլհան Ալիգուլուզադեն, Սիլվիա Անգելովան, Ֆիրիդուն Գոլիևը, Վալենտին Խրիստովը, Ինթիգամ Զաիրովը որակազրկվել են 8 տարով, Դադաշ Դադաշբեյլին` 4 տարով:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հունիսի 18-ին հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ժամանակավորապես որակազրկվել են: Ծանրամարտիկներից 7-ի մոտ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել՝ հավելյան զննման արդյունքում:

Այդ մարզիկների թվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ընթերցեք նաև. Նախարարություն. Խուրշուդյանի որակազրկումը վերջնական չէ, կարող է և չհաստատվել