27 մարտի 2007 - 14:24 AMT
ԵԽԽՎ զեկուցողը մշակութային ժառանգության գծով ողջունում է Աղթամարի
եկեղեցու բացումը
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հարավային Կովկասում մշակութային ժառանգության պահպանման գծով զեկուցող Էդվարդ Օ' Հարան )(Մեծ Բրիտանիա) ողջունել է մարտի 29-ին Վանա լճի Աղթամարի կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացումը, որը վերականգնվել է Թուրքիայի մշակույթի նախարարության միջոցներով: «Թուրքական կառավարությունը, հայ եկեղեցու ներկայացուցիչները, թուրքական եւ միջազգային համալսարանների փորձագետները ցույց տվեցին համագործակցության օրինակ, որը կօգնի պահպանել տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունը»,-նշել է Օ'Հարան: Նրա խոսքերով, նա մտադիր է այցելել Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան` մշակութային ժառանգությունը հակամարտությունների շրջանակներից դուրս բերելու ուղիների որոնման եւ այն պահպանելու ընդհանուր ռազմավարության մշակման նպատակով: «Աղթամարի եկեղեցու վերականգնումը ցույց է տալիս, թե ինչպես մենք պետք է գործենք տարածաշրջանում: Մենք հուսով ենք, որ Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն բացման արարողությանը»,-ասել է ԵԽԽՎ զեկուցողը, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի տեղեկատվական կենտրոնը: