24 հունիսի 2016 - 16:41 AMT
Հռոմի պապը`ՀՀ ճանապարհին. Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից «ժողովրդի կամքն է»

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով քվեարկությունը «ժողովրդի կամքն է»: Այսպես է Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն մեկնաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան թռիչքի ընթացքում, հայտնում է Tert. am-ը La Stampa-ի վրա հղումով:

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Հռոմի պապը սովոր չէ մամուլի ասուլիսներ կազմակերպել թռիչքների ժամանակ և սովորաբար սահմանափակվում է այցի երկրի մասին մի քանի մեկնաբանություններով: Այս անգամ, այնուամենայնիվ, վերջին 24 ժամերի իրադարձությունները փոխել են այս չգրված կանոնները, և Պապը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Դա եղել է ժողովրդի կամքը»,- հանրաքվեի արդյունքները մեկնաբանել է Պապը։ «Դա բոլորիցս մեծ պատասխանատվություն է պահանջում Միացյալ Թագավորության, ինչպես նաև ողջ եվրոպական մայրցամաքի բնակչության բարօրությունն ու խաղաղ գոյակցությունն ապահովելու համար»,- ասել է նա։

Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը,կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն: Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին:

Ընթերցեք նաև. Հռոմի Պապը Մայր աթոռ Սբ Էջմիածնում է. Կայացել է Բարիգալստյան արարողությունը

Հռոմի պապը Հայաստանում է. Թարմացվող (վիդեո)