24 հունիսի 2016 - 22:37 AMT
ՄԽ համանախագահների կոչը՝ վերացնել Կասպրշիկի գրասենյակն ընդլայնելու խոչընդոտները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում հարգել իրենց պայմանավորվածությունները, որ տեղ են գտել մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների հայտարարություններում:

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերացնել բոլոր առկա խոչընդոտները՝ ԵԱՀԿ գործող նախագահ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունները ընդլայնելու համար: Մենք նաև բանակցություններում առաջընթացի և ԵԱՀԿ հետաքննական մեխանզիմ ստեղծելու առաջարկի վերաբերյալ առաջընթացի կոչ ենք հնչեցնում»,- ասված է համանախագաների հունիսի 24-ին տարածած հայտարարությունում, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հունիսի 20-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանըՍերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել էին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք պայմանավորվել էին ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում ինչպես նաև գոհունակություն հայտնել շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանմամբ:

Մինչև այդ, սակայն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ, հայտարարել էր, որ Անջեյ Կասպրշիկի լիազորություններում զգալի փոփոխություններ լինել չեն կարող: Դրանից մի քանի օր անց, սակայն, նա մտափոխվել ու հայտարարել էր, որԱդրբեջանը չի առարկում ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով գործող նախագահի լիազորությունների ընդլայնմանը: