Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել են Խոր Վիրապ, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ:
Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը Խոր Վիրապում Լուսավորչի գբից հանված լույսով մոմեր են վառել: Այնուհետև նրանք վառել են այն կանթեղը, որը Ֆրանցիսկոս պապի կողմից ընծայվել է Խոր Վիրապի վանքին:
Դրանից հետո, հովվապետերն ուղղևորվել են դեպի վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, գրում է Panorama.am-ը:
Եկեղեցում հայերեն և իտալերեն լեզուներով արված խաղաղության աղոթքից հետո ուղղվել են դեպի բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակ: Այնտեղից էլ, հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ աղավնիներ են արձակել՝ ի նշան խաղաղության:
Խոր Վիրապ այցելությամբ ավարտվել է Ֆրանցիսկոս պապի եռօրյա ուխտագնացությունը քրիստոնյա առաջին երկիր:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա հրաժեշտի արարողություն, Հռոմի պապը կվերադառնա Վատիկան:
Խոր Վիրապը Հայոց սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի:
Պատմաբան Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան գաղտնի կերակրել է մի այրի կին: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Նա Խոր վիրապից դուրս գալուց հետո՝ ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։