Ադրբեջանի պաշտպանության նախարաությունը ներկայացրել է Իսրայելից գնված Sand Cat զրահամեքենաները:
Տարածված լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը գնել է այդ զրահամեքենաների առնվազն 4 տեսակ: Հատկապես աչքի է ընկնում մոդելը, որը հագեցած է հեռահար հսկողության էլեկտրաօպտիկական համակարգերով, հայտնում է Haqqin.az-ը:
Մեքենաները հագեցած են Mini Samson մարտական մոդուլով, Rafael ֆիրմայի արտադրության 12.7 մմ տրամաչափի NEVT գնդացիրներով: Մեկ այլ զրահամեքենայի վրա տեղադրված է Samson MLS մարտական մոդուլը` կառավարվող հակատանկային հրթիռային Spike LR համակարգով:
Samson MLS մոդուլը հագեցած է օպտիկական համակարգերով և լազերային հեռաչափերով, որոնք թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում:
Ադրբեջանին վաճառված զրահամեքենաները տարբերվում են ստանդարտ մոդիֆիկացիաներից հակահետևակային ականներից պաշտպանության համակարգով: Հետխորհրդային երկրներից Sand Cat զրահամեքենաներ կան Ղազախստանի և Թուրքմենստանի զինանոցներում: .
Ավելի վաղ Ադրբեջանն Իսրայելից գնել է 1,6 մլրդ դոլարի ռադիոլոկատորներ, անօդաչու սարքեր, հականավային հրթիռներ, ականազերծման համակարգեր ու հրաձգային զենք:Բաքվում տեղի ունեցած ADEX-2014 սպառազինությունների ցուցահանդեսի շրջանակում բանակցություններ են տեղի ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Իսրայելյան կողմը ցուցադրել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանական համակարգերը: